Ֆեմինիզմի յուրացումը. գենդերը, ռազմատենչությունը և ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը

Աննա  Նիկողոսյան

 

Ներածություն

 

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդի (ԱԽ) 1325 բանաձևը (ՄԱԿ ԱԽ 1325) հաճախ համարվում է շրջադարձային և հեղափոխական բանաձև:[[1]] Առաջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պես խիստ առնականացված կառույցն ուղիղ կերպով անդրադարձավ կանանց և զինված հակամարտությունների թեմաներին՝ դրանք դնելով հիերարխիայի միևնույն մակարդակին և ճանաչելով կանանց գործունությունը (agency)՝ որպես բոլոր մակարդակներում որոշում  կայացնողներ հակամարտության կանխարգելման, լուծման և խաղաղաշինական գործընթացներում:[[2]] 2015թ.-ի հոկտեմբերին 1325 բանաձևի 15-ամյակի կապակցությամբ Համաշխարհային ուսումնասիրություն մեկնարկեց:[[3]] Ուսումնասիրության 191-երորդ էջում ասվում է. §Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը միտված է պատերազմը կանխարգելելուն, այլ ոչ թե պատերազմը կանանց համար ավելի ապահով դարձնելուն¦:[[4]] Չնայած այս կարևոր պնդմանը, բանաձևի շուրջ վեճերն ու քննարկումները վկայում են, որ այն ոչ միայն առաջ չի քաշում հակապատերազմական ֆեմինիստական օրակարգ, այլ նաև օգտագործվում է ռազմատենչ նպատակաների համար՝ իր  արմատական ներուժը վերափոխելով գործիքայնացված, յուրացված ֆեմինիստական օրակարգի:

Անդրադառնալով հակառազմական ֆեմինիստական քննարկումներին, ես կենտրոնանում եմ այն բանի վրա, թե ինչպես են գենդերային անվտանգության դիսկուրսները ՄԱԿ-ի ներսում §անում¦ §պատերազմի¦ գործընթացը: Մասնավորապես՝ այս էսսեում ես պնդում եմ, որ ՄԱԿ ԱԽ  1325 բանաձևը ձևավորվել է գենդերացված դիսկուրսների միջոցով, որոնք թույլ են տալիս բանաձևը ծառայեցնել ռազմատենչ նպատակների: Հղվելով հետստրուկտուրալիստական ֆեմինիստական տեսությանը՝ ես բանաձևին վերաբերվում եմ որպես դիսկուրսային պրակտիկայի (discursive practice)  և պնդում, որ այն, թե ինչպես է ՄԱԿ-ի հղացքային ապարատը հասկանում և մեկնաբանում գենդեր և անվտանգություն հասկացությունները, թույլ է տալիս պետություններին յուրացնել բանաձևի հենց այդ արմատական նշանակությունը՝ օրինականացնելով և բնականացնելով ռազմատենչ գործողությունները և լռեցնելով հակառազմական քննադատությունը:

Իմ պնդումը հիմնավորելու համար ես նախևառաջ քննում եմ բանաձևի ստեղծման հետևում եղած գենդերացված դիսկուրսները: Հաջորդ երկու հատվածները նվիրված են այն երկու գլխավոր եղանակներին, որոնց միջոցով բանաձևը ռազմականացվում է. 1) գենդերի զուգորդումը §պաշտպանության կարիք ունեցող կանանց¦ հետ, ինչն արդարացնում է արտաքին ռազմատենչ միջամտությունները և §երաշխավորում¦  պաշտպանություն՝ ընդլայնելով ռազմական ուժերը, և  2) անվտանգության ոլորտում և զինված ուժերում կանանց ներգրավվածության մեծացումը, որն արվում է հետհակամարտային վերակառուցման մեջ կանանց մասնակցության անվան տակ: Էսսեն եզրափակում եմ այն պնդմամբ, որ բանաձևի դիսկուրսային վերլուծությունը չափազանց կարևոր է, քանի որ այն բացահայտում է, թե ինչպես մի բանաձև, որն ուներ ռազմականացված հայրիշխանական համակարգին մարտահրավեր նետելու այլաշրջող ներուժ, գալիս է ամրապնդելու հենց այն ուժային կառույցները, որոնք կոչված էր կազմաքանդել:

 

Գենդերը, պատերազմը և ռազմատենչությունը դիսկուրսային տիրույթում

Նախ և առաջ, առաջարկում եմ մի կողմ դնել պատերազմի և խաղաղության մասին ունեցած ավանդական բևեռացված պատկերացումները, փոխարենը կենտրոնանալ ռազմականացման վրա՝ այն դիտարկելով որպես պատերազմ §անելու¦ ավելի լայն և բարդ գործընթաց: Դիսկուրսներին ուշադրություն դարձնելը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է ՄԱԿ-ի գենդերային անվտանգության մեկնաբանումը հնարավորություն ստեղծում ռազմականացման պրակտիկաների համար:

Քրիսթին Սիլվեսթերի ձևակերպմամբ՝ §պատերազմը վնասվածքի քաղաքականություն է. պատերազմի հետ կապված ամեն բան նպատակ ունի վնասելու մարդկանց և/կամ նրանց հասարակական շրջապատը¦:[[5]] Պատերազմն իբրև §վնասվածքի քաղաքականություն¦ խորապես գենդերացված գործունեություն է[[6]] և  խրախուսում է մի ինչ-որ տեսակի §ռազմականացված առնականության¦ քաղաքական սնուցում:[[7]] Պատերազմը համակարգային է և գոյություն ունի շարունակականության մեջ:[[8]] Այս շարունակականությունը ներառում է ռազմատենչության շրջան, ռազմականացման գործընթաց, §թեժ պատերազմի¦ դրվագներ և հրադադարի համաձայնագիր, որին հետևում է անկայուն խաղաղության շրջանը՝  շարունակվող ռազմական ներդրումներով և բռնությամբ:[[9]] Գիտակցելով պատերազմի այս բարդ, աղավաղված և տարատեսակ արտահայտությունները և փորձառությունները՝ այս էսսեն պատերազմի և խաղաղության  ավանդաբար սահմանափակ, երկբևեռ մեկնաբանությունից դուրս է տեղակայված: Հղվելով  Սինթիա Էնլոյի ռազմատենչության ձևակերպմանը[[10]]՝  այս էսսեն վերլուծում է գենդերային անվտանգության այն դիսկուրսները, որոնք սնում են ռազմականացումը, այլ ոչ թե պատերազմը՝ ռազմականացումը դիտարկելով որպես փոխկապակցված գործընթացների մի շարք, որ պատերազմը դարձնում են օրինական և անվերջ շարունակվող երևույթ: 

Սինթիա Էնլոն ռազմատենչությունը բնութագրում է որպես §աստիճանական գործընթաց, որի միջոցով անձը կամ առարկան աստիճանաբար անցնում է ռազմականի ազդեցության տակ, կամ նրա բարեկեցությունը դառնում է կախված ռազմատենչ գաղափարներից¦:[[11]] Ինչպես Լորա Շոբերգը և Սանդրա Վայըն են պնդում՝ §ռազմատենչությունը պատերազմի հետ կապված, պատերազմին  նախապատրաստող և պատերազմի վրա հիմնված իմաստների և գործողությունների ընդլայնումն է §բուն պատերազմից¦ դուրս¦:[[12]] Ձևավորելով պատերազմի ու խաղաղության մշակույթ` ռամականացումը ներառում է մի շարք տարբեր, սակայն ոչ այնքան ակնհայտ ձևեր և դրսևորումներ: Հետևաբար, ես պնդում եմ, որ թեև ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևն ի սկզբանե թվում էր, թե կոչված է այլաշրջել հայրիշխանական կազմավորումները, իրականում դարձել է առնականացված ռազմականացման թաքնված մարտավարություններից մեկը:

Այս էսսեի նպատակներից է ուսումնասիրել, թե ինչպես են կառուցվում գենդերի և գենդերային անվտանգության  իմաստները ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի մշակման և իրականացման գործընթացների համատեքստում: Այն գենդեր հղացքին մոտենում է իբրև կատարողական և էապես անկայուն գաղափարի`[[13]] հղվելով Ջուդիթ Բաթլերի` գենդերը որպես §արարք¦, այլ ոչ §լինելություն¦ գաղափարի վրա: [[14]] Բաթլերի խոսքերով` գենդերը  §միշտ արարք է, թեև ոչ արարք` արված սուբյեկտի կողմից, որը կհամարվեր արարքից առաջ արդեն իսկ գոյություն ունեցող¦: [[15]] Գենդերի կատարողականությունը նշանակում է, որ գենդերը դիսկուրսների արդյունք է, այլ ոչ թե բխում է մարմնի նյութականությունից: Գենդերացված դիսկուրսների միջոցով մարդիկ ստեղծում են որոշակի սովորություններ և գիտելիքներ, որ ունեն իշխանության արտադրողական ուժ, ինչը նշանակում է, որ նույն այս դիսկուրսները արտադրում և ձևավորում են հենց իրենց` սուբյեկտներին: Հեևաբար, այն, թե ինչպես է գենդերը մեկնաբանվում ՄԱԿ-ի հղացքային ապարատի ներսում, առանցքային է դիսկուրսային քաղաքականությունների մշակումն ու գործնականում իրականացումը հասկանալու համար: Այլ կերպ ասած` ո՞ր գործողություններն են այս դիսկուրսների միջոցով դառնում բնական և որոնք՝ մնում չհասցեագրված:

Դիսկուրսները ՄԱԿ-ում կարևոր են այնքան, որքան §լեզուն` քաղաքականության մեջ¦:[[16]] Ըստ Լորա Շեփերդի՝ հասկանալու համար, թե որն է քաղաքականություն իրականացնելու լավագույն ձևը, մենք ոչ միայն պետք է հասկանանք, թե այդ քաղաքականությունն ինչ է նշանակում, այլ նաև թե §ինչպես¦ է գալիս նշանակելու:[[17]] Նա եզրակացնում է, որ դիսկուրսներն իմաստի §արտադրության համակարգեր են, այլ ոչ թե պարզապես լեզվական հայտարարություններ¦:[[18]] Հետևելով այդ տրամաբանությանը՝  ես պնդում եմ, որ բանաձևի գաղափարական կառուցվածքը  սահմանում և բացարկում է գենդերային §անվտանգության¦ և §արարքների¦ որոշակի նորմատիվ ըմբռնումներ:  ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևին  կցվող, որոշակի արժեհամակարգից բխող իմաստները խորը հետևանքներ ունեն դրա իրագործման վրա:  Ուստի, մենք նախ պետք է փորձենք քննադատորեն մոտենալ այն հարցին, թե ինչպես է ՄԱԿ-ի գենդերի և անվտանգության ըմբռնումը ձևավորում բանաձևի զարգացումն ու իրականացումը՝ բանաձևը դիտարկելով որպես դիսկուրսային մի պրակտիկա, որը ենթադրում և բացառում է գենդերի, պատերազմի և խաղաղության որոշակի պատկերացումներ:

Լորա Մքլաուդի ձևակերպմամբ՝ գենդերային անվտանգության որոշակի կատարումը հիմնվում է §գենդերի¦ և  §անվտանգության¦ հատուկ տրամաբանության վրա:[[19]] Այն §էությամբ քաղաքական¦ է,  ինչը նշանակում է, որ որոշակի դերակատարներ կարող են օգտագործել գենդերի հղացքայնացումն ու որոշակի դիսկուրսից բխող հնարավորություններն իրենց սեփական նպատակների համար՝ դրանով հասնելով ՄԱԿ-ի քաղաքականությունների և փաստաթղթերի հատուկ քաղաքական մեկնաբանությունների: Ահավասիկ, այն, թե ինչպես են գենդերը և գենդերային անվտանգությունը ներկայացվում ՄԱԿ-ի խաղաղաշինական ճարտարապետության դիսկուրսում, թույլատրում և օրինականացնում է պետությունների որոշակի գործողություններ (ռազմականացման շարունակական գործընթացի աջակցում) և կանխարգելում մյուսները (հակապատերազմական և հակառազմական քննադատության լռեցում): Իմ պնդումը փաստարկելու համար ես հաջորդող հատվածներում վերլուծում եմ այն հատուկ գենդերային քաղաքականությունը, որը բանաձևի զարգացման փուլում ձևավորեց գենդերային անվտանգության դիսկուրսները, և ապա անցնում քննելու այն երկու գլխավոր եղանակները, որոնց միջոցով բանաձևը յուրացվում և ռազմականացվում է պետությունների կողմից:

 

Պատերազմը ապահով դարձնելով կանանց համար. 1325 բանաձևը և նրա պատմությունը

 

2000թ.-ից ի վեր, ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի ընդունումից հետո,  Անվտանգության խորհրդի կողմից ընդունվեց ևս վեց բանաձև, որոնք համատեղ ձևավորեցին ՄԱԿ-ի` §կանայք, խաղաղությունը և անվտանգությունը¦ (ԿԽԱ) խորագրով օրակարգը:[[20]] ԿԽԱ օրակարգի երեք գլխավոր §սյուներն¦ են՝ պաշտպանությունը, կանխարգելումը և մասնակցությունը: Այս էսսեի հաջորդ հատվածում ես կենտրոնանում եմ այս սյուներից երկուսի վրա և առաջ քաշում այն պնդումը, որ թե՛ §պաշտպանությանը¦, թե՛  §մասնակցությանը¦ ուղղված նպատակները պետությունների կողմից օգտագործվում են իրենց ռազմարդյունաբերական համալիրները ընդլայնելու, ինչպես նաև ռազմականացված անվտանգության հաստատություններում ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելու համար:

Տեսակետներից մեկի համաձայն՝ ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը վերարտադրում է ՄԱԿ-ի՝ մարդու անվտանգության ավանդական ըմբռնումը, այն է՝ պետությունն ապահովում է անվտանգություն, անվտանգությունը հակամարտության բացակայությունն է և անվտանգությունը կարելի է ձեռք բերել:[[21]] Ինչպես ընդգծված է բանաձևում, Անվտանգության խորհրդի առաջնային պարտականությունը, ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության, §միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է¦:[[22]] Համաձայն այս տրամաբանության՝ գենդերային անվտանգությունը բանաձևում ընկալվում է որպես մարդու անվտանգության գաղափարի ընդլայնում՝ կազմաձևված այնպիսի եղանակով, որը չի վիճարկում անվտանգության ավանդական պատկերացումները, որոնց համաձայն ռազմատենչ հաստատությունները (պետության) անվտանգության երաշխավորներն են: Ավելին, շատ ֆեմինիստ-խաղաղասերների համար ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը խնդրահարույց է, քանզի այն ուղիղ կերպով մարտահրավեր չի նետում գործող ուժային կառույցներին և պատերազմական համակարգի հիմքում ընկած կանխադրույթներին:[[23]] Թեև բանաձևը ակնահայտ կերպով կոչ է անում պաշտպանել կանանց բռնությունից, նրանց ներառել խաղաղապահ գործողությունների  և հակամարտության լուծման մեջ, բանաձևի տեքստում, այդուհանդերձ, չկա և ոչ մի պարբերություն, որը կանդրադառնար պատերազմի կանխարգելմանը կամ ռազմատենչությանը որպես այդպիսին: Սրանով բանաձևը ընդունում է պատերազմի ապրիորի գոյությունը, բնական դարձնում ռազմականացման կարիքը և այս երևույթը թողնում չքննված: Փոխարենը, այն ուժերն ուղղում  է անխուսափելի պատերազմները կանանց համար համեմատաբար ավելի ապահով դարձնելուն: Այն, որ §գենդերային անվտանգությունը¦ սահմանվում է այնպես, որ չի վիճարկում ռազմատենչությունն ու պատերազմը, ակնհայտ է դառնում բանաձևի պատմությունը դիտարկելիս:

2000թ.-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանի ընթացքում ձևավորվեց Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՀԿ-ների Աշխատանքային խումբ բանաձևի ընդունման համար ջատագովելու նպակատով:[[24]] Բանաձևի մշակման գործընթացը ենթադրում էր մեծածավալ աշխատանք մի շարք դերակատարների՝ հատկապես ՀԿ-ների կողմից: Այդուհանդերձ, չնայած այն բացառիկ մշակման ընթացակարգին, որ միավորեց տարբեր կառուցվածքային խմբերի, բանաձևի ընդունման հիմքում ընկած արմատական արժեքների և սկզբնական  նպատակների ուսումնասիրությունը երևան է հանում մի շարք խիստ կարևոր  իրողություններ:

Հետաքրքրական է, որ Աշխատանքային խմբի անդամների մեծ մասը հանդես չեկան ո՛չ հակապատերազմական, ո՛չ էլ ֆեմինիստական դիրքերից:[[25]] Վեց անդամներից միայն §Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության¦ ՀԿ-ն էր, որ ֆեմինիստական էր, դեմ էր պատերազմին և ռազմատենչությանը ու չէր խուսափում §քաղաքական¦ խնդիրների մասին խոսել:[[26]] Լիգայի՝ զենքի միջազգային առևտրի և զազմատենչության ու առնականությունների հետ դրա առնչության մասին խոսելու առաջարկը §չափազանց քաղաքական¦ համարվեց: Հետևաբար, զինված հակամարտությունների առաջացման պատճառները համարվեցին չափից ավելի արմատական բանաձևում տեղ գտնելու համար: 

Այս երևույթների բացակայությունը բանաձևից խոսում է ԿՊԱ օրակարգի դիսկուրսային պրակտիկայի մասին, որն, ըստ էության, կրկնօրինակում է խաղաղության և անվտանգության միջազգային կառույցների մոտեցումները, համաձայն որոնց՝ պետության անվտանգության ապահովումը իրականացվում է ռազմական միջոցներով: Արդյունքում, բանաձևը պաշտպանում է կանանց պատերազմում՝  ընգծելով, որ նրանք այժմ ունեն որոշակի պատերազմներին վերջ տալու գործընթացներին հավասար մասնակցության իրավունք` պատերազմն ինքնին թողնելով անձեռնմխելի: Ռազմարդյունաբերական համալիրների գործունեությունը, ինչպես նաև պատերազմը որպես համակարգ, ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևում չեն վիճարկվում, հետևաբար՝ օրինականացվում են:  Միևնույն ժամանակ միամտություն է կարծել, թե բանաձևն ունակ կլիներ վիճարկել պատերազմի՝ որպես այդպիսին գոյությունը: Երբ զենքի համաշխարհային առևտրից ստացվող շահույթի ավելի քան 80%-ը բաժին է հասնում Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին,[[27]] հարցը, թե ինչպես գործնականում Անվտանգության խորհուրդը կարող է դեմ լինել պատերազմներին, դառնում է անհեթեթ:

Բանաձևի խնդրո առարկա չէ ոչ միայն պատերազմը, այլ նաև ռազմականացված առնականությունները: Բանաձևում ոչինչ չի ասվում տղամարդկանց և բռնության արական մշակույթի մասին:[[28]] Բանաձևը զարգանում է բնականացնելով այն պատկերացումը, թե բռնություն միշտ էլ կիրառվելու է կանանց և աղջիկների նկատմամբ և, հետևաբար, ավելի մեծ անհրաժեշտություն կա §պաշտպանելու կանանց և աղջիկների իրավունքները հակամարտությունների ընթացքում և դրանցից հետո¦, §պաշտպանելու կանանց և աղջիկներին գենդերային բռնությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից և այլ սեռական ոտնձգություններից¦: Սրանով բանաձևը չի վիճարկում հայրիշխանությունը. բանաձևի օրակարգից դուրս է թողնված արականի գերակայության վրա հիմնված հայրիշխանական համակարգը: Այս էսսեի հաջորդ երկու հատվածներում ներկայացված են այն երկու գլխավոր եղանակները, որոնց միջոցով իրագործվում է բանաձևի ռազմականացումը. 1) գենդերը զուգորդելով §պաշտպանության կարիք ունեցող կանանց¦ հետ (ՄԱԿ ԿԽԱ օրակարգի §պաշտպանության¦ սյունը), և 2) ապահովելով կանանց մասնակցությունը հետհակամարտային վերակառուցման մեջ՝ նրանց ներգրավելով ռազմական և անվտանգության ոլորտներում (§մասնակցության¦ սյունը):   

 

§Նրանք ձեզ կփրկեն իրենց զենքերով¦. գենդերը որպես §պաշտպանության կարիք ունեցող կանայք¦

 

Ինչպես Նադին Պեշգուիրբալն է նշում՝ կանայք ՄԱԿ-ի լեզվով հիմնականում պատկերվում են որպես պաշտպանության կարիք ունեցող զոհեր:[[29]] Չնայած իր աննախադեպ մոտեցմանը, 1325 բանաձևն, այնուհանդերձ, շարունակում է օգտագործել զոհայնացման (victimisation) լեզուն: §Մտահոգություն հայտնելով, որ քաղաքացիական անձիք, հատկապես կանայք և երեխաները, կազմում են  զինված հակամարտությունից տուժածների մեծամասնությունը¦  և  գիտակցելով կանանց §պաշտպանությանն ուղղված արդյունավետ համակարգային նախաձեռնությունների¦ ազդեցությունը, բանաձևը կոչ է անում միջոցառումներ ձեռնարկել՝ §երաշխավորելու կանանց և աղջիկների մարդու իրավունքների պաշտպանությունը և դրանց նկատմամբ հարգանքը¦, §կանանց և աղջիկներին պաշտպանել գենդերային բռնությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից և այլ սեռական ոտնձգություններից, ինչպես նաև բոլոր այլ տեսակի բռնություններից զինված հակամարտության իրավիճակներում¦ և §հաշվի առնել կանանց և աղջիկների հատուկ կարիքները¦:[[30]] Բանաձևում կանայք նաև ներկայացվում են երեխանների հետ՝ սահմանվելով որպես անօգնական և խոցելի անհատներ: Եվ իրոք, ինչպես Սինթիա Էնլոն է ասում՝ §ռազմական կառույցները հիմնվում են թե՛ կանանց, թե՛ կանացիության վերաբերյալ ենթադրությունների վրա¦:[[31]] Այսպիսով, բանաձևը ամրապնդում է այն գաղափարը, ըստ որի (ռազմատենչ) տղամարդիկ համարվում են նորմ և §պաշտպաններ¦, իսկ կանայք կազմում են §այլք¦՝ անօգնականները, §պաշտպանվածները¦, §կանայք-և-երեխաները¦:

ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման եղանակներից է Ազգային գործողությունների ծրագրի (ԱԳԾ) մշակումը: Լորա Շեփերդը ուսումնասիրել է վեց երկրների՝ Ավստրալիայի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ԱԳԾ-ները: Նա եկել է այն եզրահանգման, որ ԱԳԾ-ները գլխավորապես կենտրոնացած են §կանանց պաշտպանելու¦ և նրանց համար §պատերազմն ավելի ապահով¦ դարձնելու վրա: Նաև մի շարք ԱԳԾ-ներ, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի կողմից ընդունվածները, պատերազմը և անապահովությունը ներկայացնում են §արտասահմանում¦, այլ ոչ թե իրենց երկրներում՝[[32]] պաշտպանելով արտատարածքային ներգրավվածության գաղափարը,[[33]] որը հնարավորություններ է ստեղծում արտաքին (ռազմական) միջամտության համար:

Հղվելով Միշել Ֆուկոյի մտակառավարելիության (governmentality) գաղափարին` Oդրի Ռիվզը նշում է, որ  ՄԱԿ-ի մտակառավար(վ)ող (governmentalised) խաղաղապահ դիսկուրսների շրջանակում, հետգաղութային աշխարհում ռազմական միջամտության համար որոշակի պատճառներ արդարացված են:[[34]] Հետևաբար, պաշտպանության կարիք ունեցող կանանց դիսկուրսը կարող է համաշխարհային հիերարխիաները պահպանելու և §գաղութատիրական ֆեմինիզմը¦ պաշտպանելու նպատակին ծառայել:[[35]] Oրինակ, Անվտանգության խորհրդի՝ Իրաքի վերաբերյալ  1483 բանաձևի ներածականում օգտագործվեց ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը, երբ, վերակառուցման մեջ կանանց ներգրավումն օգտագործվեց օկուպացիան և ճնշման տակ գտնվող կանանց  §ազատագրելու¦ հռետորաբանությունն արդարացնելու համար:[[36]] Վալենտին Մոգադամը նույնպես այն կարծիքին է, որ բանաձևը §ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի¦ անվան ներքո դարձավ երկրորդական:[[37]] Հետևաբար, գաղութատիրական ընկալողունակության շրջանակն (colonial intelligibilities) ու գաղութատիրական պրակտիկաները շարունակում են գործել անվտանգության անվան տակ:[[38]] Անտեսելով դասակարգը, ազգությունը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և այլ կարևոր ասպեկտներ` ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը շարունակում է §արևմտյան սպիտակ, հետերոսեքսուալ ֆեմինիզմ¦ վերարտադրել`[[39]] չկարողանալով վիճարկել կապիտալիզմը, նեոգաղութատիրությունը կամ կայսերականությունը և ներգրավել փոխհատումային և հետգաղութատիրական ֆեմինիստական մոտեցումներ:

ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը և ԿԽԱ օրակարգի §պաշտպանության¦ սյունը կանանց պաշտպանության անվան տակ  կանխամտածված կերպով օգտագործվում են պետությունների ռազմատենչ, կայսերական կամ նեոգաղութատիրական նպատակների համար: Գենդերը ՄԱԿ-ի կողմից մեկնաբանվում է որպես §պաշտպանության կարիք ունեցող կանայք¦, իսկ գենդերային անվտանգությունն ընկալվում է ավանդական՝ պետականակենտրոն ու ռազմականացված անվտանգության իմաստով: Չափազանց կարևոր է այն, թե ինչպես են բանաձևում գենդերի և գենդերային անվտանգության տրամաբանություններն աշխատում, և թե ինչպես են դրանք մեկնաբանվում ՄԱԿ-ի կողմից, քանզի հենց այս դիսկուրսային (վերա)ներկայացումների մանիպուլյացիայի արդյունքում է բանաձևի յուրացումը դառնում հնարավոր: Պաշտպանությունը, սակայն, բանաձևի ռազմականացման գործին ծառայող միակ մարտավարությունը չէ:  Կենտրոնանալով Հայաստանի օրինակի վրա՝ այս էսսեի վերջին հատվածում ես քննարկում եմ, թե ինչպես է կանանց մասնակցությունն ամրապնդում պետությունների ռազմատենչ օրակարգը և  առնական իշխանության հարացույցները թողնում չվիճարկված:

 

§Մենք կարող ենք դա անել¦. կանանց ներգրավումը անվտանգության ոլորտում և զինված ուժերում

 

Գիտակցելով §որոշումների ընդունման մեջ (կանանց) դերակատարությունը մեծացնելու անհրաժեշտությունը հակամարտության կանխարգելման և լուծման ենթատեքստում¦, 1325 բանաձևը §անդամ երկրներին կոչ է անում ապահովել կանանց ներկայացվածությունը՝ հակամարտության կանխարգելմամբ, կառավարմամբ և լուծմամբ զբաղվող  ազգային, տարածաշրջանային և միջազգային կառույցների և մեխանիզմների բոլոր մակարդակներում ընդունվող որոշումներում¦:  Այն նաև §հորդորում է գլխավոր քարտուղարին իրականացնել իր գործողությունների ռազմավարական ծրագիրը (A/49/587) ՝ միտված մեծացնելու կանանց մասնակցությունը հակամարտության լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում կայացվող որոշումներում¦: Հետաքրքիր է դիտարկել այն անհամաչափ եղանակները, որոնց միջոցով Հայաստանում իրագործվում է հակամարտության լուծման և դրան հաջորդող վերականգնողական գործընթացներին կանանց §մասնակցությունը¦: Մասնավորապես՝ կարելի է համեմատել որոշումների կայացման և խաղաղության բանակցությունների գործընթացներում կանանց ներգրավվածությունը ռազմական հաստատություններում կանանց ներկայության կտրուկ մեծացման հետ:  1325 բանաձևի վերաբերյալ Հայաստանում առկա խիստ սակավ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության ոլորտում կանանց մասնակցությունը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի գլխավոր §իրականացման ուղղությունը¦ և խիստ անհամաչափ է՝ համեմատած այլ ոլորտներում կանանց մասնակցության մակարդակի հետ:

Այսպիսով, 2016թ.-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 131 պատգամավորներից միայն 12-ն են կին: Նախարարներից կին են միայն երկուսը, և այդ թիվը վերջին տարիներին զգալի փոփոխություն չի գրանցել:[[40]] Կանայք ընդգրկված չեն խաղաղության բանակցությունների որևէ պաշտոնական գործընթացներում, և նրանց խաղարարար ջանքերը շարունակում են մնալ երկրորդական, ոչ պաշտոնական մակարդակում:[[41]] Սակայն, պատկերն այլ է անվտանգության ոլորտում կանանց մասնակցության պարագայում: Հայաստանում իրականացվում են անվտանգության ոլորտի բարեփոխումներ, որոնց մեջ է մտնում ոլորտում կանանց ներգրավվածության աճի խրախուսումը:[[42]] Եվ ահա 2013թ.-ի հունիսին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ կանայք երկրի գլխավոր երկու ռազմական ուսումնարաններ ընդունվելու իրավունք կստանան,[[43]] ինչը հետագայում որակվեց որպես բանաձևի իրականացման ուղղությամբ կատարված կարևոր քայլ: Այսպիսով, Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրագործումը հավասարեցվում է  Հայաստանի պաշտպանական և ռազմական կառույցներում կանանց ունեցած մասնակցության հետ, ինչը ենթադրում է, որ կանանց անվտանգությունը կարելի է ապահովել հավասար հնարավորությունների ընձեռման միջոցով: Այն նաև ենթադրում է, որ գենդերային անվտանգությունը դիտվում է անվտանգության ռազմականացված տեսանկյունից:

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ամրապնդումը՝ նպատակաուղղված 1325 բանաձևի հաջող իրականացմանը, ամենավառ օրինակն է այն բանի,  թե ինչպես է Հայաստանը կատարում բանաձևի իր պարտավորությունները:[[44]] Բավական է միայն մոտիկից դիտարկել ՆԱՏՕ/ԵԱԳԾ  (Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ) 2014-2016 գործողությունների ծրագրով նախատեսված արդյունքներն ու գործողությունները պատկերացնելու համար բանաձևի շրջանակներում իրականացվող զանգվածային ռազմականացման ընդգրկունությունը: Ինչպես նշված է կանոնադրությունում՝ §ՆԱՏՕ-ի հիմնական և շարունակական նպատակն է պաշտպանել իր անդամ բոլոր երկրների ազատությունն ու անվտանգությունը՝ քաղաքական և ռազմական միջոցներով¦[[45]] (շեղատառն իմ կողմից): Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի կողմից տարբեր երկրներում բանաձևի յուրացումը նոր երևույթ չէ և մատնանշվել է մի շարք հակառազմատենչ ֆեմինիստների կողմից:[[46]]

Հայաստան-ՆԱՏՕ դաշինքն ամրապնդելու նպատակով 2014թ.-ի նոյեմբերին Հայաստանում անցկացվեց §ՆԱՏՕ-ի շաբաթ¦, որի ընթացքում քննարկված թեմաներից էր Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումը:[[47]] Զարմանալի չէր, որ բանաձևի շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումը կազմակերպվել էր Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱՀԲ) կողմից, որով ևս մեկ անգամ ընդգծվեց բանաձևի իրականացման Հայաստանի որդեգրած ռազմատենչ և ազատական եղանակը: Նմանօրինակ միջոցառումներ անցկացվեցին նաև 2015 և 2016 թվականներին:  Այսպես, 2015թ.-ի ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանը հյուրընկալվեց ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Հանդիպման ընթացքում քննարկվեց 1325 բանաձևը: Պաշտպանության նախարարությունը բանաձևի իրականացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության որդեգրած ռազմավարությունը որակեց հաջող, ինչի վկայությունն է կանանց ներգրավումը անվտանգության ոլորտում և անվտանգության քաղաքականությունում, ինչպես նաև ռազմական հաստատություններում կանանց աճող թիվը:[[48]]

Նույն տարվա նոյեմբերին, Հայաստանի ՄԱՀԲ-ի, ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվեց 1325 բանաձևի իրականացման թեմայով գործնական քննարկում, որին ներկա էին ՆԱՏՕ-ի, տարբեր միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներ: Վահան Ասատրյանը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ավագ փորձագետ, խոսեց ՄԱՀԲ-ի կողմից հովանավորված, Հայաստանում պաշտպանական ոլորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրության մասին: Արթուր Աթանեսյանը՝ Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ներկայացրեց §Կանայք և բանակը¦՝ զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին գիրքը: [[49]]

Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ-2016» միջոցառումների շրջանակում Երևանում անցկացված  §Կանայք զինված ուժերում¦ թեմայով քննարկման ընթացքում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն նշեց, որ §կանանց դերն ու նշանակությունը զինված ուժերում երկար տարիներ անտեսվել է, սակայն, ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն այն գիտակցում և ճանաչում են¦:[[50]] Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է անվտանգության ոլորտում կանանց ներգրավվածությունը մեկնաբանվում որպես բանաձևի գերագույն նպատակ: Զինված ուժերում կանանց աճող մասնակցությունը և 1325 բանաձևի չարաշահումը, սակայն,  համաշխարհային ռազմական կառույցների արտաքին միջամտության արդյունք չէ, այլ՝ երկկողմանի, փոխշահավետ  ռազմականացման շարունակական գործընթաց: Հայաստանում իշխող վերնախավի որդեգրած  §Ազգ-Բանակ¦ հարացույցը,[[51]] որով ազգը հավասարեցվում է բանակին և հայ հասարակությունը վերափոխվում է բանակ-հասարակության, կանանց օրակարգը դարձնում է ազգայնական ռազմատենչ նպատակների համար յուրացված հերթական տիրույթներից մեկը: 

Կարելի է պնդել, որ կանանց ներգրավումը զինված ուժերում ենթադրում է, որ ԿԽԱ օրակարգը պետք է իրականացվի, քանզի այն պետություններին թույլ է տալիս պատերազմը բարելավել:[[52]] Իրականում, կանանց թվի մեծացումը մի կառույցում, որի գերագույն նպատակը §այլ¦-ի դեմ բռնություն կիրառելն է §մեկ այլ¦-ի անվտանգությունը պաշտպանելու համար[[53]]՝  արմատական քայլ չէ: Կարծիքը, թե §կանանց ավելացնելու և խառնելու¦ մարտավարությունը կարող է օգնել փոխել ռազմականացված առնականությունը, ինքնին խնդրահարույց է: Ինչպես Հաննա Րայթն է ասում՝ §արդյո՞ք ավելի մեծ թվով կանանց հավաքագրելու կոչերը իսկապես ֆեմինիզացնում են զինված ուժերը, թե՞ պարզապես ռազմականացնում են ֆեմինիզմը¦:[[54]] Այս հռետորական հարցը հանգեցնում է այն գաղափարին, որ այն ուժային կառույցները, որ ֆեմինիստները ցանկանում են քանդել, հենց այն կառույցներն են, որ պայմանավորում են կանանց մուտքը:[[55]]Փաստորեն,  ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի շրջանակում կանայք ներգրավվում են անվտանգության ոլորտում և զինված ուժերում այնպիսի եղանակներով, որոնք չեն խարխլում ռազմականի արմատապես առնականացված մշակույթը՝ անհավասար ուժային կառուցվածքներնու պատերազմի համակարգը թողնելով  չվիճարկված:

 

Ամփոփում

 

ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևն ունի գերիշխանական գենդերային նորմերը այլաշրջելու և գենդերային անվտանգության քննադատական վերասահմանում խթանելու ներուժ: Չնայած այդ հեղափոխական ներուժին, ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը շարունակում է պահպանել  այն պատերազմական համակարգը, որը կոչված է քանդելու՝ կանանց օրակարգը վերափոխելով տղամարդկանց կողմից ու նրանց համար սահմանված քաղաքական նպատակների հասնելու գործիքի: Ուսումնասիրության պակասն առ այն, թե ինչպես է  ՄԱԿ-ը հասկանում և կիրառում §գենդերը¦ և  §գենդերային անվտանգությունը¦, ոչ միայն պատերազմական համակարգը թողնում է անձեռնմխելի, այլ նաև իշխող ռազմականացված դերակատարների համար բնականացնում է պատերազմը: Այն կանանց §պաշտպանության¦ և §մասնակցության¦ անվան տակ շահագործում է նորազատական կայսրության ուժային կառույցների վերարտադրման գործընթացում կանանց գործունությունը և, այսպիսով, ոչ միայն չի վիճարկում ռազմականացումը, այլ նաև ռազմականացնում է հենց ինքնին ֆեմինիզմը:

ՄԱԿ-ի անվտանգության ապարատի գործունեությունը հարցականի տակ դնելը և դրա՝ գենդերի և գենդերային անվտանգության ավանդական մեկնաբանումը կազմաքանդելը հանդուգն ռազմավարություն է: Սակայն, ՄԱԿ-ի կողմից օգտագործվող լեզվին քննադատական անդրադարձը կարևոր է, քանզի դիսկուրսները, որ այն ստեղծում է, ձևավորում են բանաձևի իրականացումը: Ժակ Դերիդան պնդում է, որ §տեքստից դուրս¦ ասվածը չկա. մեր գործողությունները իմաստավորվում են բառերի միջոցով:[[56]] Դիսկուրսային պրակտիկաները կերտում, արտադրում և օրինականացնում են որոշակի իմաստներ և գործողություններ, և հենց այդ պրակտիկաներն են, որ մենք պետք է քննենք ու վիճարկենք: ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը չպետք է բնականացնի պատերազմն ու ընդլայնի ռազմականացման գործընթացները. այն պետք է ջատագովի ապառազմականացում, հակառազմական խաղարարար քաղաքականության մշակում և ապահովի դիսկուրսային անցում՝ անվտանգության ավանդական, ռազմականացված և պետականակենտրոն ըմբռնումից դեպի խաղաղության ֆեմինիստական սահմանում:

 

                                                            Անգլերենից թարգմանեց Անի Բաղումյանը

 

 

 

Օգտագործված գրականության ցանկ

 

(1989). Jacques Derrida, Of Grammatology (1970). Minneapolis: Minneapolis: University of Minnesota Press.

(2000). UNSCR 1325. Available:

https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N00/720/18/PDF/N0072018.pdf?OpenElement

(2012). Armenia and Azerbaijan: Stuck in conflict over Nagorno-Karabakh. The Kvinna till Kvinna Foundation.

(2013). 2013 Civil Society Monitoring Country Report on Implementation of United Nations Security Council Resolution 1325 “Women, peace and security”. Goris Women's Development "Resource Center" Foundation, Society Without Violence, Democracy Today, Women’s Resource Center, Peace Dialogue, Women’s Rights Center, Armenian Young Women’s Association.

(2015). Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ-ում. Available: http://www.a1plus.am/1375173.html [Accessed 01/05/2017]

(2015). Workshop on implementation of UNSC Resolution 1325: Experience of Armenia. Available: http://armenia.unfpa.org/en/news/workshop-implementation-unsc-resolutio… [Accessed 01/05/2017].(2015a). High-level Review on Women, Peace and Security: 15 years of Security Council resolution 1325. Available: http://wps.unwomen.org/en/highlights/15th-anniversary-of-1325 [Accessed 30/05/2016].

(2015b). Ministry of Defense encourages women's military service in the army. Available: https://armenpress.am/eng/news/816061/ministry-of-defense-encourages-women%E2%80%99s-military-service-in-the-army.html [Accessed 30/05/2016].

(2016). NATO and Armenia committed to partnership. Available: http://www.nato.int/cps/en/natohq/news_129110.htm [Accessed 30/05/2016].

(2016). Կանայք ՀՀ զինված ուժերում. առկա իրավիճակն ու խնդիրները. Available: http://www.mediamax.am/am/news/armypolice/20583/#sthash.aE4yWEUh.dpuf [Accessed 01/05/2017].

(2017). Armenia MOD: Nation, army concepts need to be associated with one another. Available: https://news.am/eng/news/351167.html [Accessed 01/05/2017]

Abrahamyan, G. (2013). Armenia: Military Academies Opening Doors to Women. Available: http://www.eurasianet.org/node/67254 [Accessed 16/07/2013].

Agathangelou, A. M. & Turcotte, H. M. (2015). Postcolonial theories and challenges to 'first world-ism'. In: Shepherd, L. J. (ed.) Gender Matters in Global Politics: A Feminist Introduction to International Relations. New York: Routledge.

Al-Ali, N. & Pratt, N. (2009). Women and war in the Middle East: Zed Books.

Al-Ali, N. S. a. (2009). What kind of liberation? : women and the occupation of Iraq: Berkeley : University of California Press.

Cockburn, C. (2004). The Continuum of Violence: A Gender Perspective on War and Peace: University of California Press.

Cockburn, C. (2007). From where we stand: War, women's activism and feminist analysis: Zed Books.

Cockburn, C. (2009). Uncovering the falsehoods of NATO's "security": Steps along the road of a feminist peace activism.  [Accessed 05/05/2016].

Cockburn, C. (2012). Antimilitarism: Political and Gender Dynamics of Peace Movements: Palgrave Macmillan.

Cockburn, C. (2013). War and security, women and gender: an overview of the issues. Gender & Development, 21(3), 433-452.

Cockburn, C. (2015). Militarism. In: Shepherd, L. J. (ed.) Gender Matters in Global Politics: A Feminist Introduction to International Relations. New York: Routledge.

Cockburn, C. & Enloe, C. (2012). Militarism, Patriarchy and Peace Movements: CYNTHIA COCKBURN AND CYNTHIA ENLOE IN CONVERSATION. International Feminist Journal of Politics, 14(4), 550-557.

Cockburn, C. & Zarkov, D. (2002). The postwar moment : militaries, masculinities and international peacekeeping, Bosnia and the Netherlands. London: London : Lawrence & Wishart.

Cohn, C. (2008). Mainstreaming gender in UN security policy: A path to political transformation? Global Governance. Springer.

Cohn, C., Kinsella, H. & Gibbings, S. (2004). Women, Peace and Security Resolution 1325. International Feminist Journal of Politics, 6(1), 130-140.

Coomaraswamy, R. (2015). Preventing Conflict Transforming Justice Securing the Peace: A Global Study on the Implementation of United Nations Security Council Resolution 1325. UN Women.

Enloe, C. (2010). Nimo’s War, Emma’s War - Making Feminist Sense of the Iraq War: Berkeley; Los Angeles; London: University of California Press.

Enloe, C. (2014). Bananas, Beaches and Bases Making Feminist Sense of International Politics (2nd ed. ed.). Berkeley: Berkeley : University of California Press.

Enloe, C. H. (2000). Maneuvers : the international politics of militarizing women's lives. Berkeley, Calif. ; London: Berkeley, Calif. ; London : University of California Press.

Kronsell, A. & Kronsell, A. (2012). Gender, Sex, and the Postnational Defense: Militarism and Peacekeeping: Oxford University Press.

Leach, K. (2014). UNSCR 1325 in practice: Women in the military. http://blogs.fco.gov.uk/katherineleach.

McLeod, L. (2011). Configurations of Post- Conflict: Impacts of Representations of Conflict and Post- Conflict upon the (Political) Translations of Gender Security within UNSCR 1325. International Feminist Journal of Politics, 13(4), 594-611.

McLeod, L. (2015). A Feminist Approach to Hybridity: Understanding Local and International Interactions in Producing Post-Conflict Gender Security. Journal of Intervention and Statebuilding, 9(1), 48-69.

McLeod, L. a. (2016). Gender politics and security discourse : personal-political imaginations and feminism in "post-conflict" Serbia: Abingdon, Oxon ; New York, NY : Routledge.

Moghadam, V. M. (2015). Transnational activism. In: Shepherd, L. J. (ed.) Gender Matters in Global Politics: A Feminist Introduction to International Relations. New York: Routledge.

NATO (2014). NATO/EAPC ACTION PLAN FOR THE IMPLEMENTATION OF THE NATO/EAPC POLICY ON WOMEN, PEACE AND SECURITY. North Atlantic Treaty Organization.

Parashar, S. (2015). War. In: Shepherd, L. J. (ed.) Gender Matters in Global Politics: A Feminist Introduction to International Relations. New York: Routledge.

Pratt, N. (2013). Reconceptualizing Gender, Reinscribing Racial–Sexual Boundaries in International Security: The Case of UN Security Council Resolution 1325 on “Women, Peace and Security”. International Studies Quarterly, 57(4), 772-783.

Puechguirbal, N. (2015). Peacekeeping. In: Shepherd, L. J. (ed.) Gender Matters in Global Politics: A Feminist Introduction to International Relations. New York: Routledge.

Reeves, A. (2012). Feminist Knowledge and Emerging Governmentality in UN Peacekeeping: PATTERNS OF CO-OPTATION AND EMPOWERMENT. International Feminist Journal of Politics, 14(3), 348-369.

Santos, R., Roque, S. & Moura, T. (2012). Lost Connections: Representations of Gender, (Armed) Violence and Security in Resolution 1325. Revista Critica de Ciencias Sociais, (96), 165-196.

Shahnazaryan, G. (2015). Women’s Political Participation in Armenia: Institutional and Cultural Factors. CAUCASUS ANALYTICAL DIGEST, 71, 9-13.

Shepherd, L. (2008a). 'To save succeeding generations from the scourge of war': the US, UN and the violence of security. Review of International Studies, 34(2), 293-311.

Shepherd, L. J. (2008b). Gender, Violence and Security Discourse as Practice. London: London : Zed Books Ltd.

Shepherd, L. J. (2010a). Gender matters in global politics: A feminist introduction to international relations.

Shepherd, L. J. (2010b). Women, armed conflict and language – Gender, violence and discourse. International Review of the Red Cross, 92(877), 143-159.

Shepherd, L. J. (2015). Peacebuilding. In: Shepherd, L. J. (ed.) Gender Matters in Global Politics: A Feminist Introduction to International Relations. New York: Routledge.

Shepherd, L. J. (2016). Making war safe for women? National Action Plans and the militarisation of the women, peace and security agenda. International Political Science Review.

Sylvester, C. (2012). War as Experience Contributions from International Relations and Feminist Analysis. Hoboken: Hoboken : Taylor and Francis.

UNFPA. (2015). Workshop on implementation of UNSC Resolution 1325: Experience of Armenia [Online]. UNFPA Armenia. Available: http://www.unfpa.am/en/news-1325-2015 [Accessed 25/05/2016].

Väyrynen, T. (2004). Gender and UN peace operations: The confines of modernity. International Peacekeeping, 11(1), 125-142.

Wright, H. (2015). Ending Sexual Violence and the War System – Or Militarizing Feminism? International Feminist Journal of Politics, 17(3), 503-507.

Zajović, S. (2010). Women, peace, security: Resolution 1325 - 10 years. Belgrade: Women in Black - Belgrade.

 

Notes:


[[1]] Cohn, 2008; Shepherd, 2015

[[2]] UNSCR 1325, 2000

[[3]] UN Women, 2015

[[4]] Coomaraswamy, 2015

[[5]] Sylvester, 2012: 3-4

[[6]] Parashar, 2015: 100

[[7]] Enloe, 2000: 100

[[8]] Cockburn, 2015: 114

[[9]] Cockburn, 2004

[[10]] Enloe, 2014; Enloe, 2000

[[11]] Enloe, 2000: 3

[[12]] Shepherd, 2016: 2

[[13]] McLeod, 2016: 17

[[14]] Butler, 2006

[[15]] Butler, 2004

[[16]] Shepherd, 2010b: 144

[[17]] Shepherd, 2010b: 144

[[18]] Shepherd, 2010b: 156

[[19]] McLeod, 2011: 595

[[20]] Shepherd, 2015: 273

[[21]] Shepherd, 2008b: 127; McLeod, 2016: 37; Zajović, 2010

[[22]] UNSCR 1325

[[23]] Cohn, 2008; Cockburn, 2007

[[24]] Cohn, 2008: 4

[[25]] Cohn, 2008: 12

[[26]] Cohn, 2008: 12

[[27]] Cohn, 2008: 18

[[28]] Cockburn, 2013: 444

[[29]] Puechguirbal, 2015: 254

[[30]] UNSCR 1325

[[31]] Enloe, 2000: x;Enloe, 2010: 3

[[32]] Shepherd, 2016: 1

[[33]] Kronsell and Kronsell, 2012: 5

[[34]] Reeves, 2012: 350

[[35]] Al-Ali and Pratt, 2009

[[36]] Cohn et al., 2004: 138

[[37]] Moghadam, 2015: 339

[[38]] Agathangelou and Turcotte, 2015: 43

[[39]] Santos et al., 2012;Pratt, 2013

[[40]] Shahnazaryan, 2015

[[41]] Kvinna till Kvinna,2012; The Global Network of Women Peacebuilders, 2013

[[42]] Armenpress, 2015b

[[43]] Abrahamyan, 2013

[[44]] NATO,2016

[[45]] NATO, 2014

[[46]] Cockburn, 2009

[[47]] Leach, 2014;UNFPA, 2015

[[48]] A1plus.am, 2015

[[49]] UNFPA, 2015

[[50]] Mediamax.am, 2016

[[51]] News.am, 2017

[[52]] Shepherd, 2016

[[53]] Al-Ali, 2009

[[54]] Wright, 2015: 505

[[55]] Cohn et al., 2004: 138

[[56]] Derrida, 1989